Ստուգել հայտի կարգավիճակը

Բիզպաշտպանի ահազանգը՝ «Ալեքս Տեքտիլ» ՍՊԸ-ին չգրանցված աշխատողների համար տուգանելու հիմք

Բիզպաշտպան կայքի միջոցով ստացվել է ահազանգ՝ ուղղված «Ալեքս Տեքտիլ» ՍՊԸ-ի դեմ: Ահազանգի մեջ ասվում էր․

«Նոր Մեգա Մոլի բացման կապակցությամբ «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ խանութի աշխատողները (վաճառողներ, մենեջերներ) ստիպված են լինում իրականացնել շինարարական աշխատանքներ մինչև ուշ գիշեր: Ոչ ոք չի համարձակվում առարկել և դեմ դուրս գալ»:         

Բիզպաշտպանի փորձագիտական թիմը գրություն էր ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ բարձրաձայնված հարցի վերաբերյալ։  

Պետական եկամուտների կոմիտեից պատասխանել են, որ ՀՀ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետի համաձայնագրի համաձայն «Ալեքս Ռիթեյլ Քամփանի» ԱՊԸ-ում իրականացվել է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 5 չձևակերպված աշխատող և առաջադրվել է տուգանք՝ 1,250,000 դրամի չափով:

Ցավոք ՊԵԿ-ից տեղեկացրեցին նաև, որ ստուգման ընթացքում ընկերության աշխատակիցները գրավոր հայտարարել են, որ արտաժամյա աշխատանքի դեպքում ստանում են համապատասխան վարձատրություն: 

Հավելենք, որ խնդրին տրվում է նաև համակարգային լուծում, քանի որ ՊԵԿ-ի կողմից մշակվում է ՀՀ կառավարության 1214 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ` համալիր ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, որպեսզի ՊԵԿ-ը հնարավորություն ունենա բացահայտել աշխատողներին գիշերային ժամերին աշխատացնելու փաստը: 

Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Վերադառնալ ցանկ